2014-ին Հայաստանում նպաստ կստանա 104,7 հազար ընտանիք: Համապատասխան որոշումը Կառավարությունը քննարկել է իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում:
Ընդհանուր առմամբ՝ 2014-ին ընտանեկան նպաստներ վճարելու համար նախատեսվում է հատկացնել 37,1 մլրդ դրամ: Միաժամանակ, մինչեւ 2 տարեկան երեխաների թիվը, որոնց խնամքի նպաստ կհատկացվի, կազմում է 11,2 հազար: Այդ նպատակով կհատկացվի 2,4 մլրդ դրամ:
Որոշման նախագիծը ներկայացնող Աշխաատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խնդրել է մի քանի օր հատկացնել՝ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար:
Բազային սոցիալական նպաստը կազմում է 16 հազար դրամ: Երեխայի ծննդյան դեպքում նպաստը կազմում է 50 հազար դրակ, առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 25 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ, մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար՝ 18 հազար դրամ:
Նշենք, որ 2013-ի երկրորդ կիսամյակում, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալների, նվազագույն պարենային զամբյուղը կազմել է 31 876 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 56 420 դրամ:




























