Եթե  սրճարանում գիտեն եւ խոսում են, թե ով ում է սպանել, ուրեմն  այդ սպանությունը չի բացահայտվելու, ավելին՝ նոր արյուն է բերելու: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ նախկին անդամ, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով «Թեւոսիկի» եղբոր սպանությանը:

Նա նշեց, որ ցանկացած սրճարանում կարելի է 5 րոպեի ընթացքում լսել, թե ով սպանեց, ինչի համար եւ հետո ում են սպանելու: «Հիմա ես լրատվամիջոցների միջոցով Թեւոսիկին զգուշացնում եմ: Զգույշ եղիր Թեւոսիկ: Այդ ես եմ քեզ զգուշացնում, որովհետեւ մաֆիան անցել է իր ծրագրի կատարմանը եւ մինչեւ վերջ կատարելու է: Ավելին ամեն ինչ անելու եմ, որ կալանավայրից դուրս չգաս»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: