2013 թվականին Երեւանում գրանցվել է 1182 ավտովթար, որոնց հետեւանքով զոհվել է 61, վիրավորվել՝ 1495 մարդ: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
2012 թվականի ցուցանիշների հետ համեմատությամբ ավտովթարների թիվն աճել է 151-ով, սակայն փոխարենը 2 անգամ կրճատվել է զոհերի թիվը, իսկ վիրավորների թիվը՝ 189-ով:
Արշակյանի խոսքով՝ ավտովթարների թվի աճը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ եւ անգամ փոքր վթարների գրանցմամբ: Նա ճշտեց, որ փոքր վթարները, որոնց վնասը չի գերազանցում 200 հազար դրամը, չեն հաշվարկվում:
Ավտովթարների թվի աճին, ստ Արշակյանի, նպաստում է նաեւ քաղաքի ճանապարհներին մեքենաների թվի աճը: Միայն 2013-ին երկիր է ներմուծվել 32 576 ավտոմեքենա, որից 60 տոկոսը Երեւանում է:
«Դա ծանրաբեռնում է ճանապարհները, բայց Ճանապարհային ոստիկանությունն, իր հերթին, կներդնի բոլոր ջանքերը՝ ավտովթարների թվի կրճատման համար»,-ամփոփել է Արշակյանը:



























