Ադրբեջանական դիվերսիոն գործողություններին պետք է պատասխանենք այն նույն ոգով, ինչպես որ դա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արեց Արմեն Հովհաննիսյանը: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով վերջին օրերին սահմանում առկա լարվածությանը:
«Շփման գծում դիպուկահարների, դիվերսիաների առկայությունը Ադրբեջանի նախագահի ցանկությունն է: Ալիեւի ռազմատենչ հռետորական արտահայտություններն արտացոլվում են իր գործողություններում»,- ասաց պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքով` հայկական կողմը պետք է արժանի պատասխան տա. «Ղուրանում ասվում է` քամի ես ցանում, փոթորկի սպասիր: Հենց այսպես պետք է պատասխանել ադրբեջանցիներին»:
Պատգամավորը նշեց նաեւ, որ հայկական կողմի եւ ԵԱՀԿ դիտորդների խաղաղ կոչերն Ադրբեջանի համար անհասանելի են. «Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր զինվոր մեզ համար շատ թանկ է, եւ ցանկացած կորուստ մեծ ցավ է բոլորիս համար»:
Հիշեցնենք, որ 2014թ. ադրբեջանական գործողությունների հետեւանքով երկու մահվան դեպք է գրանցվել հայկական զինված ուժերում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կասեցնելիս զոհվել էր 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Կարեն Գալստյանը:




























