Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդին կասկածում են նախկին ընկերոջ վրա հարձակում պատվիրելու համար: Նրա դեմ հայց է ներկայացրել Սքոթ Մաքինթայրը՝ քաղաքապետի քույր Քեթիի նախկին ոչ պաշտոնական ամուսինը:
Ըստ հայցվորի՝ Ռոբ Ֆորդը իր ծանոթ ֆուտբոլիստների հետ իր դեմ հարձակում էր կազմակերպել 2012-ի մարտին:
Մաքինթայրի եւ Ֆորդի կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել 2012թ. հունվարին: Մաքինթայրին ձերբակալել էին քաղաքապետի տանը. նա քաղաքապետի տուն էր գնացել թմրանյութ ընդունած կամ հարբած վիճակում եւ սկսել էր գումար պահանջել:
Մաքինթայրը վստահ է, որ քաղաքապետը պայմանավորվել է բանտի ղեկավարության հետ, որ իրեն պահեն ագրեսիվ կալանավորների հետ: 2012թ. բանտարկյալները նրան ծեծել էին:
Ըստ Մաքինթայրի՝ այդ իրադարձություններին Ֆորդի ունեցած հանցակցության մասին վկայում է 2013թ. նոյեմբերին լրագրողների հրապարակած տեսագրությունը:
Ռոբ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետն է 2010թ.-ից: Անցյալ տարի նա մի քանի սկանդալների կենտրոնում էր հայտնվել՝ կապված թմրանյութերը եւ ալկոհոլը չարաշահելու հետ: Դրանից հետո նրան զրկել էին մի շարք լիազորություններից: Չնայած դրան՝ Ֆորդը մտադիր է քաղաքապետի երկրորդ ժամկետում եւս առաջադրել իր թեկնածությունը:
Տորոնտոյի քաղաքապետի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հայտնվել համացանցում




























