Երեւանում այս տարվա սկզբից արձանագրվել է 52 ավտովթար: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նրա խոսքով՝ այդ վթարների հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 62 մարդ:

Արշակյանը նշեց, որ 2014-ին մի քանի ծրագրեր են նախատեսված, որոնցից կարեւորագույնը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ պայքարի ակտիվացումն է: «Նախորդ ուրբաթ ուժեղացված հսկողություն է իրականացվել. Ժամը 20:00-24:00-ին ոչ   սթափ վիճակում գտնվող 24 վարորդների են բացահայտել: Նրանք բոլորը տուգանվել են 100-150 հազար դրամով»,-հայտնեց Արշակյանը՝ հավելելով, որ ըստ վիճակագրության, լուրջ վթարների 80-90 տոկոսը կապված է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետ:

Անդրադառնալով Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությանը, Երեւանի ՃՈ պետը հույս հայտնեց, որ նոր ճանապարհի շահագործմամբ հնարավոր կլինի բեռնաթափել Իսակովի, Բաղրամյանի պողոտաներն ու Աթենքի փողոցը: «Որովհետեւ հիմա մեզ համար Իսակովի փողոտան ոսկոր է դարձել մեր կոկորդում»,-ասաց նա՝ նկատի ունենալով պարբերական խցանումները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am