Միջազգային կառույցների քննադատությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, պետք է ուղիղ ու հասցեագրված լինի: Այս մասին հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ կառավարության նիստի ավարտից հետո մեկնաբանելով մի շարք միջազգային կառույցների հայտարարությունները՝ կապված շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ:
Քոչարյանի խոսքով՝ եթե ֆորմալ չեզոքություն են պահպանում միջնորդները, դա բացատրելի է: «Որպես կանոն, նրանք չեն պաշտպանում ոչ մեկ, ոչ մյուս կողմին: Սակայն իրականում ամեն ինչ պարզ է, թե ում մասին է խոսքը, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները հայտարարում են ռազմական գործողությունների անընդունելիության մասին: Պահանջել միջնորդներից, որպեսզի նրանք ուղիղ խոսեն մի բան է: Սակայն լիովին այլ բան է, երբ խոսքը միջազգային կազմակերպությունների մասին է: Նրանք կարող են, իսկ մեր կարծիքով պետք է, ուղիղ կերպով արտահայտվեն: Հուսով եմ, որ հետագայում այդպես էլ կլինի: Մեր ջանքերն ուղղված են դրան»,-եզրափակել է Քոչարյանը:




























