ՌԴ իրավապահները պարզել են մահապարտ ահաբեկիչների ինքնությունը, որոնք նախորդ տարվա դեկտեմբերին Վոլգոգրադում ինքնապայթեցումներ էին իրականացրել: Բացի այդ, ձերբակալվել են երկու եղբայրներ, որոնք կասկածվում են գրոհայիններին Վոլգոգրադ ուղարկելու մեջ:

Գրոհայիններ Ասքեր Սամեդովն ու Սուլեյման Մագոմեդովը եղել են «Բույնակսկի ահաբեկչական խմբվավորման» անդամներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

Օպերատիվ նկատառումներից ելնելով նրանց անունը չէր հրապարակվում: Իրավապահ մարմինների աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ձերբակալել էին նաեւ եղբայրներ Մագոմեդնաբի եւ Թագիրա Բաթիրովներին: Նրանք, ոստիկանության կարծիքով, առնչություն ունեն մահապարտ ահաբեկիչներին Վոլգոգրադ ուղարկելու հետ:

Միաժամանակ շարունակվում է ահաբեկչության այլ մասնակիցներին, այդ թվում ահաբեկչության կազմակերպիչներին, հայտնաբերելուն ուղղված աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում միանգամից երկու պայթյուն էր որոտացել: Առաջինը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին քաղաքի կայարանում, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին, տրոլեյբուսներից մեկում: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 34 մարդ, եւս 70-ը վիրավորվել էին: