ԵԽԽՎ-ն Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում հաստատել է նստաշրջանում երկրին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը՝ Եվրամայդանի դեմ բռնության դեպքում: Որոշմանը կողմ են քվեարկել 150 մասնակիցներ:
Միաժամանակ ԵԽԽՎ-ն լրացում է ընդունել, ըստ որի հնարավորություն է տրվում 2014թ. ապրիլի նստաշրջանում քննարկել Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հարցը, եթե շարունակվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումները, կամ էլ եթե իշխանությունը որոշի բռնի կերպով ճնշել բողոքի ցույցերը, հայտնում է censor.net-ը:
Վեհաժողովը քննադատել է ցույցերի ընթացքում բռնությունները, որոնք առնվազն 5 մարդու կյանք են խլել:
Ուկրաինայի իշխանությանը կոչ են արել բաց, ազնիվ եւ արդյունավետ բանակցություններ վարել ընդդիմության հետ՝ լայն փոխզիջման հասնելու համար:
Ռուսաստանին հիշեցրել են այլ երկրներին ճնշելուց հրաժարվելու պարտավորության մասին:
Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Մորոզովն էլ նշել է, որ Ուկրաինայի իրավիճակում Ռուսաստանը մեղք չունի:
Քննարկման ժամանակ Հունաստանի, Սերբիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները քննադատել են բանաձեւը:
Շվեյցարիայի ներկայացուցիչ Անդրեաս Գրոսը ԵՄ-ին քննադատել է Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության համար, ըստ նրա՝ ԵՄ-ն է Ուկրաինայի իշխանությանը նեղը գցել, եւ այդ պատճառով էլ վերջինս որոշում է կայացրել եվրաինտեգրումից հրաժարվելու մասին:
Իսպանիայի ներկայացուցիչը կոչ է արել դատապարտել ծայրահեղականների գործողությունները եւ նշել է, որ ծայրահեղ տրամադրված ցուցարարները ջուրն են գցել խաղաղ ցուցարարների արածը:




























