Պրահան կարեւոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Պրահայում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:

Քիչ առաջ մենք նախագահ Զեմանի հետ բովանդակալից եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային արդիական թեմաներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված եւ դեռեւս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առեւտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման եւ ներդրումների խթանման, մարդկանց միջեւ շփումների ակտիվացման եւ զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարեւոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջեւ ուղիղ չվերթերի առկայությունը: Կարեւորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:

Մենք երկուստեք կարեւորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերը:

Ընդգծեցինք մշակութային եւ գիտակրթական կապերի հետեւողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երեւանում եւ 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական եւ հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջեւ համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Պրահան կարեւոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արեւելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաեւ անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում եւ այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:

Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության եւ համագործակցության հունով: Այս իմաստով Արեւելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետեւողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաեւ ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար եւ շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:

Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ եւ հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի եւ արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի եւ կզարգանա:

Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար եւ հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան եւ շնորհակալ եմ, որ նա այս հրավերn ընդունեց հաճույքով: