Ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող թեւի անդամ Խորեն Սամվելյանը բաց նամակով համախմբվելու կոչով դիմել է արմատական փոփոխությունների համար պայքարող ազատամարտիկների թեւին, որպեսզի միասին ազատեն կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

 «Հարգելի ազատամարտիկներ, ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, սակայն պետք է փաստել, որ ձեր մարտական ընկերը` Վոլոդյան, այս պահին անազատության մեջ է, և նրա հանդեպ կատարվում է քաղաքական հետապնդում նրա համար, որ նա առաջինը բարցրաձայնեց ազատամարտիկների խնդիրները, նա առաջինը դուրս եկավ հրապարակ և նախաձեռնեց ազատամարտիկների համախմբումը»,-գրված էր նամակում:

Նամակում ասվում է, որ արմատական փոփոխություններ պահանջող ազատամարտիկների խումբը փաստացի շարունակում է Վոլոդյա Ավետիսյանի գործը, և այս ամենը հաշվի առնելով, նա  կարծում է, որ նրանց միություն ստեղծելը չունի ոչ մի արժեք, եթե Վոլոդյան կալանավորված է:

«Ինքս առաջին օրից մասնակից եմ եղել ազատամարտիկների պայքարին, անձամբ ականատես եմ եղել ձեր տարաձայնություններին, սակայն ժամանակն է վերջ տալ տարաձայնություններին և միահամուռ ազատել Վոլոդյային, որը իր հերթին ամուր հիմք կստեղծի ազատամարտիկների միության համար. եթե մեկ մարդու ճակատագիրը չի կարևորվում, ուրեմն չի կարող կարևորվել նոր ստեղծվող միության ճակատագիրը»,- գրել է Խորեն Սամվելյանը:

Խմբի անդամը բոլոր ազատամարտիկներին կոչ է անում հունվարի 31-ին, ցույց տալ ողջ հայությանը, որ ազատամարտիկները համախմբված են, ցույց տալ բոլորին, որ ազատամարտիկը իր բարձրության վրա է. «Արձագանքեք այս կոչիս և ամուր հիմքեր ստեղծեք նորաստեղծ միության համար»:

Հիշեցնենք, որ հունվարի 31- ին, ժամը 11:00- ին, ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատը, որի ժամանակ որոշվելու է նրա խափանման միջոցի փոփոխության հարցը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am