Անորակ ատենախոսություններ պատրաստող եւ հաստատող կառույցները պետք է պատասխանատվություն կրեն: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության առնչվող հարցին:

«Եթե աշխատանքն անորակ է, ապա առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրի հաստատությունը, որտեղ այն գրվել է, այնուհետեւ՝ գիտխորհուրդը, որտեղ այն պաշտպանել են, դրական եզրակացություն տված կառույցները: Իսկ գիտական աստիճանների նկատմամբ գլխավոր վերահսկողույթունն իրականացնում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովը», – ասել է Մարտիրոսյանը:

Նա տարակուսանք է հայտնել, որ մամուլի ուշադրությունը գրավել է հենց Տարոն Մարգարյանի թեկնածուականը: «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հազարավոր դեպքեր կան, երբ պաշտոնյաները եւ նրանց երեխաները գիտական աստիճան են ստանում: Դա նորություն չէ: Այլ հարց է, եթե թեկնածուն աստիճանին արժանի չէ, կարծիքը հայտնելիս այդպես էլ պետք է գրել: Եթե նա գիտելիքներ չունի, պետք է ապացուցել», - նշել է Ռադիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք,  դեկտեմբերի 26-ին ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որին լրագրողներին  թույլ չէին տվել ներկա գտնվել:  Երիտասարդությունը, պայմանականորեն նրանց անվանում ենք ուսանողներ, արգելել էր լրագրողների մուտքը՝ վիրավորական արտահայտություններ բղավելով: