ԱՄՆ-ի դատախազությունը դատարանին կխնդրի մահապատժի դատապարտել Բոսթոնի ահաբեկչության կազմակերպիչներից Ջոհար Ցարնաեւին:
Նախկինում ասվել էր, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն Ցարնաեւի հարցում դատախազության դիրքորոշումը կհստակեցնի հունվարի 31-ից ոչ ուշ ընկած ժամկետում:
Մասաչուսեթս նահանգում, որի տարածքում Ջոհարն ու իր եղբայր Թամերլանը ահաբեկչություն էին կազմակերպել, մահապատիժն արգելված չէ, սակայն չի կիրառվել 1947թ.-ից ի վեր: Դատախազության կողմից նման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ էր Հոլդերի հավանությունը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Boston Globe-ը:
Ցարնաեւի գործով լսումների ամսաթիվը որոշված չէ: Նրան 30 կետանոց մեղադրանք է ներկայացվել: Ցարնաեւն իր մեղքը չի խոստովանում:
Ջոհար Ցարնաեւը եղբոոր՝ Թամերլանի հետ ահաբեկչություն էր կազմակերպել 2013թ. Բոսթոնի մարաթոնի ընթացքում: 3 մարդ զոհվել, 250-ից ավելին վիրավորվել էին: Նրանք մեղադրվում են նաեւ հանցագործների հետապնդման մասնակից ոստիկանի սպանության մեջ: Թամերլան Ցարնաեւը ձերբակալվելիս սպանվել էր, Ջոհարին կարողացել էին ողջ բռնել:




























