Ի պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի անունից երեկ երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաեւ հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին եւ մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը եւ Զեմանը կարեւորել են ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող եւ հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական եւ քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաեւ հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սեւակի, Սարյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ եւս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք եւ անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով եւ որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական եւ քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար եւ մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին եւ հայ-չեխական բարեկամությանը հարատեւություն ու բարօրություն: