Ազատության հրապարակում փետրվարի 2-ին` Շանթ Հարությունյանի ծննդյան օրը, լինելու է մեծ ակցիա, որի իմաստն այն է, որ քաղբանտարկյալների ընտանիքներն ու հարազատները պատմեն նրանց մասին: Այս մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանը:

«Խանդավառ հավաք է լինելու: Ես երգելու եմ, Էդվարդ Զորիկյանն էլ է երգեր նվիրելու քաղբանտարկյալներին: Կխոսենք նաեւ Գարեգին Նժդեհի մասին»,- ասաց Վրեժը:

Երգահան Էդուարդ Զորիկյանն էլ նշեց, որ մեծ խնջույք է լինելու. «Ակցիայի անունը «Գինի լից» է. քեֆ ենք անելու, գինի ենք խմելու, ծնունդ ենք նշելու: Դե թող գան մեզ էլ բռնեն, մենք սովոր ենք նման բանի»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ նոյեմբերի 5-ի դեպքերին, Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ձերբակալության մանրամասներին:

«Շանթ Հարությունյանը դեմ էր Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը, իսկ դա նշանակում է, որ դեմ էր դուրս եկել Պուտինյան Ռուսաստանի դեմ: Հետեւաբար կարող ենք փաստել, որ Շանթն ու ընկերները Ռուսաստանի համար էլ են քաղաքական բանտարկյալներ»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` ընդգծելով, որ նախկինում երբեք նման բան չի եղել, որ հայ քաղբանտարկյալը համարվի նաեւ այլ երկրի քաղբանտարկյալ:

Փետրվարի 2-ին կայանալիք ակցիան շտապ հավաք է լինելու, որի մասին քաղաքապետարանին կիրազեկվի մեկ օր առաջ:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր: