Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վիզը կտրած վիճակում հայտնաբերված ամուսինների մահվան մեջ բացառվում է երրորդ անձի միջամտությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը:

Նա նշեց, որ տարվող քննությամբ, փորձաքննություններով այս պահին բացառվում է երրորդ անձի միջամտությունը: Ամենահավանական վարկածը, ըստ գյուղապետի, այն է, որ ամուսինները իրար են սպանել, կամ մեկը սպանել է մյուսին, այնուհետեւ ինքնասպանություն գործել: Վերջին տարբերակը ավելի հավանական է, ընդ որում՝ գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդը վերջին շրջանում հոգեկան շեղումներ ուներ: Թե ով է ում սպանել եւ ինքնասպան եղել, գյուղապետի փոխանցմամբ, կպարզի քննությունը եւ հստակ պատկեր կլինի բոլոր փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 29-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ախուրյանում: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: