«Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկը ռուսական «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքին նամակ է ուղարկել՝ բողոքելով բանտի պայմաններից: Բրեյվիկն իրեն անվանում է մարդասեր մարդասպան եւ նացիստական Մանդելա:
Ահաբեկիչը նշել է բանտի ղեկավարության յոթ ապօրինի գործողություն: Մասնավորապես նա բողոքել է, որ իրեն արգելում են շփվել այլ բանտարկյալների, այդ թվում նաեւ՝ իր նման ազգայնականների հետ:
Բացի դրանից, Բրեյվիկին դուր չի գալիս, որ իրեն արգելում են սովորել, քանի որ բանտը չի պատրաստվում վճարել իր դասագրքերի համար: Անցյալ տարի Բրեյվիկը փաստաթղթերը հանձնել էր Օսլոյի համալսարան՝ քաղաքագիտության հեռակա ուսուցման բաժին: Սակայն նրան մերժել էին՝ որոշ առարկաներից ոչ բավարար պատրաստվածության պատճառով: Սակայն անցյալ տարվա սեպտեմբերին Բրեյվիկին թույլատրել էին ուսումնասիրել քաղաքագիտության որոշ դասընթացներ:
Բրեյվիկը նաեւ բողոքում է, որ իրեն թույլ չեն տալիս ստեղծել իր քաղաքական կուսակցությունը՝ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել կարողանալու համար:
Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում նշել են, որ լրագրողներն առաջինն են գրել Բրեյվիկին, հայտնում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսին Անդերս Բրեյվիկը դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման՝ 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ութոյա կղզում 77 մարդու սպանության համար: Բրեյվիկը խոստովանել էր, որ իրեն հանցագործության դրդած հիմնական պատճառը բնիկ նորվեգացիներին պաշտպանելու ցանկությունն էր:




























