43-ամյա Համլետ Բ.-ն մեղադրվում է ճանապարհային ոստիկանին բռնության ենթարկելու եւ հայհոյելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Գործի նյութերի համաձայն՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ռ. Անտոնյանը ծառայության մեջ գտնվելով նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա.Մանուկյանի հետ, կանգնեցրել են «BMW 318» մակնիշի 28 ՕՕ 874 համարանիշի ավտոմեքենան: Ա.Մանուկյանը պարզել է, որ նշված մեքենայի վարորդը Համլետ Բ-ն է, ումից պահանջել է վարորդական իրավունքի վկայականը եւ տեխանձնագիրը:

Համլետ Բ.-ն հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի, զրուցելու ժամանակ Ա.Մանուկյանը զգացել է, որ վերջինս գտնվում է ոչ սթափ վիճակում, որի մասին զեկուցել է Ռ.Անտոնյանին:

Դրանից հետո Ռ. Անտոնյանը Համլետ Բ.-ին տեղափոխել է Գյումրիի «Հոգեկան առողջության կենտրոն»՝ սթափությունը ստուգելու: Բժշկի կողմից Համլետի մոտ թեթեւ խմածություն ախտորոշելուց հետո, երբ դուրս են եկել շենքից, Ռ.Անտոնյանը օրինական պահանջ է ներկայացրել Համլետ Բ.-ին գնալ տուգանային հրապարակ: Վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ.Անտոնյանի հասցեին, քաշքշել եւ ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին ու կրծքավանդակին:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։  Գործը Շիրակի մարզ ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել հունվարի 30-ին։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։