Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկայում կայանալիք հանդիպման մասին տեղեկություն չունեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

«Ժամանակ առ ժամանակ հնարավոր է քաղաքապետը զեկույցներով հանդես գա, իսկ թե ինչ ֆորմատով, որտեղ, հանրությունը տեղեկացվում է: Լրատվամիջոցներում նշվող առաջիկա հանդիպման մասին տեղեկություն չունեմ, նախագահը ինքն է որոշում իր օրակարգը»,- ասաց մամուլի քարտուղարը:

Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա որդուն կարգի հրավիրելու հարցով նախագահին դիմելուն, ապա Զոհրապ Եգանյանը նշեց, որ «չի կարծում, թե երկրի ղեկավարին պետք է խնդրել օրինականություն սահմանել»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, թե ««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը  Գյումրիի քաղաքապետն է։

«Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո»,- գրել է թերթը։