Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան  Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար  Թամար Սանիկիձեն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարեւոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս  ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլեւ կարեւոր եւ ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջեւ՝ բարեկամության ամրապնդման եւ զարգացման համար:

Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջեւ չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել: