ԱՄՆ-ի իրավապահ մարմինները ձերբակալել են զինված տղամարդու, ով սպառնացել է երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի 44-ամյա քաղաքացի Բենջամին Սմիթին ձերբակալել են Նյու-Յորքում ուրբաթ օրը ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները, ովքեր պաշտպանում են պետության գործող եւ նախկին առաջին դեմքերին ու նրանց ընտանիքներին: Տղամարդուն ձերբակալել են ավտոմեքենայում, որը կայանված էր Մանհեթենի շրջանում, նրա մոտ եղել են հրացան, մաչետե ու բենզինով լի տարա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում են, անվտանգության աշխատակիցները հետեւել են Սմիթին նրա բջջային հեռախոսի օգնությամբ: Թե ինչու է տղամարդը որոշել ուղեւորվել Նյու-Յորք եւ որտեղ էր գտնվում նախկին նախագահը այդ պահին, հայտնի չէ: ինչպես նշում է գործակալությունը, ձերբակալությունից հետո Սմիթը չի անվանել իր արարքի պատճառները, սակայն հայտարարել է, որ ամուսնալուծված է ու տվյալ պահին փորձում է «հարաբերություններ կառուցել Բարբարա Բուշի հետ»: Ձերբակալության պահին Սմիթը, ում մեղադրում են պետության նախկին ղեկավարի դեմ սպառնալու մեջ, բղավում էր, որ «Բուշը կստանա իրեն հասանելին»:
Անցյալ հինգշաբթի Սմիթի մայրը ոստիկանության հայտնել էր, որ Փիթսֆորդ քաղաքում գտնվող իր տանը հայտնաբերել է որդու երկտողը, որում վերջինս հայտնում է՝ մեկնում է «աշխատելու Ջորջ Բուշ կրտսերի ու Պենտագոնի համար»: «Ես պետք է սպանեմ վիշապին, ու այն ժամանակ Բարբարա Բուշն իմը կդառնա»,- ասվում էր երկտողում:
Նյու-Յորքում կայացած նախնական լսումների ժամանակ դատախազտ վստահություն է հայտնել, որ խոսքն ԱՄՆ-ի նախկին նախագահի ավագ դստեր՝ 32-ամյա Բարբարա Փիրս Բուշի մասին է, այլ ոչ թե նրա մոր, ով նույն անունն է կրում:




























