Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանցավոր ՀՀ ՊՆ քննչական մարմնի հովանավորն է. նախարարը փորձում է կոծկել իր աշխատողների հանցագործությունները: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի, այդ թվում սպանությունների, թեմային:

Շատ հաճախ պաշտոնապես հայտարարում են, որ այս կամ այն զինվորին հակառակորդն է սպանել, բայց հետո պարզվում է, որ այդպես չէ. «Պետք է թույլ տան մեզ մտնել դիահերձարաններ եւ ամեն ինչ տեսնել մեր աչքերով: Դրանից հետո հայտարարել, որ այո, ազերին է սպանել»:

«Հասկանալու համար հիշենք մի դեպք: Տավուշում մահացել էր զինվոր Արման Ղարախանյանը: Սկզբում ասում էին, որ մահվան պատճառը սրտի պայթյունն է: Հենց իմացան` ես գնում եմ, փոխեցին եզրակացությունը` ասելով, որ նա հրազենային վնասվածքից է մահացել: Բայց ես պարզեցի, որ նրան սպանել են հայ ազերիները»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` ահավոր է կեղծ հայտարարություն տալը. «2005թ.  մարտի 15-ին ԼՂՀ-ում սպանված Գյումրիի զինծառայող Խաչատուր Մելիքյանին արիության մեդալ հանձնեցին: Երբ Մելիքյանի հարազատները կասկածի տակ դրեցին պաշտոնական հայտարարությունը` արդյոք նա մահացել է ադրբեջանական գնդակից, արդեն ասացին, որ այո, Խաչատուրին սպանել են հայ ազերիները»:

Փորձագետն ընդունում է, որ 15 տարի առաջ բանակն ավելի վատ վիճակում էր, քան այսօր. «Եթե այսպես շարունակվի, ամեն ինչ ավելի վատ կլինի»: