Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, հունվարի 31-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը` միջին տարիքի տղամարդ, ինքնաթիռի վայրէջք կատարելուց անմիջապես հետո բերման է ենթարկվել: Ուղեւորի բերման ենթարկվելը հարուցել է ականատեսների զարմանքը, քանի որ նա որեւէ արտառոց վարքով աչքի չի ընկել ինքնաթիռում:
Թե ինչն է եղել տղամարդու բերման ենթարկելու պատճառը, NEWS.am-ը փորձել է ճշտել իրավապահներից: Ոստիկանությունից հաստատելով մեր տեղեկությունը` ավելացրել են, որ բերման է ենթարկվել Մոսկվա-Երեւան թիվ 909 չվերթի ինքնաթիռի 40-ամյա ուղեւորը, որը ոստիկանության ծառայողների պահանջով գծային բաժնում ներկայացրել է սեւ գույնի տղամարդու ձեռքի 1 պայուսակ, որի մեջ առկա է եղել 400 ԱՄՆ դոլար եւ 10.000 ՌԴ ռուբլի:
Նշված պայուսակը նա ձեռք է բերել ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն անհայտ անձից, որի մեջ առկա են եղել փաստաթղթեր` իրեն անհայտ անձանց 2 անձնագրեր եւ ՌԴ ոստիկանության ծառայողի 1 վկայական, որոնք թողել է ինքնաթիռի մեջ, իսկ պայուսակի մեջ եղած ընդհանուր 400 ԱՄՆ դոլար եւ 12.500 ՌԴ ռուբլի գումարից` 2.500 ՌԴ ռուբլին յուրացրել է անձնական կարիքների համար: Կատարվում է նախաքննություն:




























