Ղազախստանի ու Ադրբեջանի միջեւ մտերմությունը չի խանգարի ՀԱՊԿ Հայաստանի անդամակցությանը: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ պետք չէ ակնկալել, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հանկարծ կդադարեն հաշվի առնել իրենց ազգային շահերը: «Դա սնանկ մտածելակերպ է, պետք է ավելի պրագմատիկ լինել»,- հայտարարել է Բաղդասարյանը: Որպես օրինակ նա բերել է ՆԱՏՕ-ն, որտեղ Թուրքիան քաղաքական դիրքորոշումներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ պարզապես հակասում են արեւմտաեվրոպականներին:
«Ադրբեջանն ու Ղազախստանը ակտիվորեն համագործակցում են որպես թյուրքական ու մահմեդական պետություններ: Նրանց միջեւ խոշոր ծրագրեր կան, ինչպես որ Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ: Հարկավոր է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական ազգային շահերը»,- հավելել է Բաղդասարյանը:
Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, հայկական կողմը ՀԱՊԿ անդամներին, այդ թվում նաեւ Ղազախստանին, ներկայացնում է իր շահերը, կոչ անում ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ: «Ղազախստանի ու Բելառուսի նախագահներն իրենց ելույթներում նշում է Ղարաբաղյան հակամարտության փոխադարձ ընդունելի կարգավորման մասին: Նրանք հասկանում են, որ հարկավոր է դիրքորոշման մասին այժմ հայտնել, քանի որ, Աստված չանի, պատերազմ սկսվելու դեպքում նրանք իրենց դիրքորոշումը հայտնելու հետ կապված բարդություններ կունենան՝ այդ թվում հաշվի առնելով նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների իրավա-պայմանագրային բազան»,- հայտարարել է Բաղդասարյանը:




























