Բիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի եւ պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը: Այս մասին, հունվարի 29-ին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանատան ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ իրականացվող մի շարք երկարատեւ ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին եւ ՀՀ զինված ուժերի պրոֆեսիանալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում եւ վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:

Բրիտանական կողմը հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման  պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: