Ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից չի կարելի անհնարինը պահանջել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա ընդգծել է, որ Մինսկի խումբը բացահայտ չի քննադատի Ադրբեջանին, որքան էլ հայկական կողմը դա ցանկանա. «Իհարկե, մեզ շատ է անհանգստացնում սահմանին տիրող իրավիճակը, եւ միջազգային հանրության համարժեք արձագանքը, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը կողմերից մեկին քննադատելը չէ, այլ նրանց միջեւ բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելը: Որքան էլ մենք դա ցանկանանք, ԵԱՀԿ Մինսկի խումբը բացահայտ եւ կտրուկ չի քննադատի կողմերից մեկին: Առավելագույնը, որը կարող ենք ակնկալել, ուժի եւ ուժի սպառնալիք կիրառելու դատապարտումն է: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ հայտարարությունները լինեն ավելի խիստ, բայց պետք է իրատես լինել»,-ասաց Բաղդասարյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանը պետք է պարբերաբար միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրի կեղտոտ տեխնոլոգիաների վրա, որոնք փորձում է կիրառել պաշտոնական Բաքուն՝ նպատակ ունենալով իր համար բարենպաստ հասարակական կարծիք ձեւավորել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am