ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, հունվարի 28-ին, այցելել են Երեւանի «Մանկան տուն», որտեղ տնօրեն Լիանա Կարապետյանը ներկայացրել է «Մանկան տան» պատմությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, արտակարգ իրավիճակներում երեխաների տարհանման դժվարությունները: Զրույցի ընթացքում ՍՊԾ մասնագետները պատասխանել են նրան հետաքրքրող հարցերին՝ շենք-շինությունների սեյսմիկ խոցելիության, Սպիտակի 1988թ. երկրաշարժի, Երեւան քաղաքի դպրոցների շենքերի ներկայիս վիճակի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Այնուհետեւ «Մանկան տան» անձնակազմին Ա.Թովմասյանը ներկայացրել է զեկույց «Երկրաշարժերի առանձնահատկությունները Հայաստանի տարածքում եւ պաշտպանությունը նրանցից», իսկ Գ.Նամալյանը՝ «Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» եւ «Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերլուծությունը» թեմաներով:

Մանկատան աշխատակիցների բազմաթիվ հարցերին զեկուցողները եւ ՍՊԾ-ի մյուս մասնագետները տվել են պատասխաններ, բացատրություններ եւ մեկնաբանություններ: Ուսուցման մասնակիցներին հետաքրքրում էին ատոմակայանի անվտանգության, երկրաշարժերի կանխատեսման հնարավորության եւ մի շարք այլ հարցեր:

Ինչ վերաբերում է տարհանմանը հնարավոր երկրաշարժի դեպքում, ապա հատկապես այս մանկան տանը, որտեղ ապրում եւ մեծանում են մինչեւ 6 տարեկան երեխաներ, կարող են լինել լուրջ խնդիրներ, եւ այս ուղղությամբ մանկատան տնօրինությունը, ԱԻՆ-ի մասնագետների աջակցությամբ, պետք է շարունակեն աշխատանքները: