2013թ. Հայաստանի սահմանային անցակետերով երկիր մուտք է գործել ընդհանուր առմամբ (օտարերկրյա քաղաքացիները ներառյալ) 2 476 350 մարդ, դուրս եկել՝ 2 507 538-ը, սալդոն եղել է բացասական՝ - 31 188։ Տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Նույն աղբյուրի տվյալներով, 2012թ. Հայաստան մուտք գործած անձանց թիվը եղել է 2 191 895, դուրս եկողներինը՝ 2 234 706, բացասական սալդոն այս դեպքում կազմել էր 42 811։ Փաստորեն՝ 2012թ. հետ համեմատ՝ ելք ու մուտքի տարբերությունը 2013թ. նվազել է 11 623-ով։

Արտագաղթի նվազման ծավալներն ավելի տեսանելի են դառնում, երբ համեմատում ենք ՀՀ փաստաթղթերով անձանց 2012թ. եւ 2013թ. սահմանահատումների ցուցանիշները։

Ըստ այդմ՝ 2013թ. ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմում է 1 452 085 մարդ, մեկնածներինը՝ 1 494 086։ Այստեղ բացասական սալդոն կազմում է 42 001 մարդ, ինչը 7 659-ով պակաս է 2012թ. նույն ցուցանիշից (-49 660 մարդ):

2013թ. ՀՀ փաստաթղթերով անձանց սահմանահատումների մոտավորապես 50 տոկոսը (մուտք՝ 728 828 մարդ, ելք 768 554) բաժին է ընկնում Բագրատաշենի անցակետին (բացասական սալդոն՝ 39 726 մարդ): Նույն ժամանակահատվածում ցամաքային սահմանահատումների ծավալներով (մուտք՝155 079, ելք՝ 168 080) երկրորդ տեղում է Բավրայի անցակետը (բացասական սալդոն՝  13 001):

«Զվարթնոց» օդանավակայանով երկիր մուտք գործած և դուրս եկած ՀՀ փաստաթղթերով անձանց հաշվեկշիռը 2013թ. դրական է՝ 16 708 մարդ, մինչդեռ 2012թ. այս ցուցանիշով գրանցվել էր բացասական սալդո։

2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ 915 համայնքներում (866 գյուղական եւ 49 համայնքային) մշտական բնակչության թիվը կազմել է 3 017 400 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 914 300 մարդ և գյուղականը` 1 103 100 մարդ:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2013թ. հունվարի 1-ին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 026 900 մարդ, փաստորեն նախորդ տարվա համեմատ՝ այց ցուցանիշը նվազել է 9500–ով։

Փաստորեն, մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով։