Դատարանն արդարացի որոշում կայացրեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով վարույթն իրականացնող մարմնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը վիճարկելիս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«2014 թվականի հունվարի 31-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի գործով հերթական դատական նիստ:

Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր դիմումատու Է. Փարսադանյանի մորը՝ Լուսինե Փարսադանյանին եւ նրա ներկայացուցիչներին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու պատճառով:

Դատական նիստի ընթացքում ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, հայտնեց, որ գործի բոլոր նյութերին ծանոթանալուց հետո պարզվել է, որ Է. Փարսադանյանի բժշկական քարտը /բաղկացած 75 թերթից/ կցված չէ գործի նյութերին, ինչը հնարավորություն չի տալիս հաստատել դատաբժշկական եզրակացության մեջ նշված բժշկական պատմության փաստերի իսկությունը:

Լ. Փարսադանյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը եւ Ա. Չատինյանը պնդեցին իրենց ներկայացրած բողոքը, որին հակառակ գործով վերահսկող դատախազը եւ վարույթն իրականացրած քննիչը առարկեցին ներկայացված դիմումի դեմ՝ գտնելով, որ նախաքննությունը կատարվել է օրենքին համապատասխան եւ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել է հիմքերի բացակայության պատճառով:

Դատավոր Ա. Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու եւ մի քանի րոպե անց հրապարակեց որոշումը, որով  բավարարեց Լուսինե Փարսադանյանի, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա. Չատինյանի եւ Ա. Զալյանի՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գ. Ռ. Ագաջանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված դիմումը: Չբողոքարկելու դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ կմտի հրպարակման պահից 15-օրյա ժամկետում, որից հետո գործը կուղարկվի լրացուցիչ նախաքննության»: