Հայաստանի հիմնի հնչյունների ներքո, այսօր՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է Հայաստանի ԱԺ գարնանային նստաշրջանը: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկով՝ ԱԺ նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի:
ԱԺ նիստերի դահլիճում հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով շատ հազվադեպ է ներկա լինում խորհրդարանի նիստերին: Նրա անսպասելի ներկայությունը պայմանավորված է նրանով, որ մինչ ԱԺ նիստերի սկսելը տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը:
ԱԺ այսօրվա նիստից բացակայում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը ԱՄՆ-ում մասնակցում է 5-ամսյա դասընթացների:




























