Ռուսաստանի Պրիմորյեի մարզի ոստիկանությունը կավատների ավազակախումբ է բացահայտել, որոնք զբաղվել են կանանց եւ անչափահասների սեռական շահագործմամբ: Խմբավորման ղեկավարը եղել է «Միշա Մագադան» մականունով քրեական հեղինակությունը:

«Մարմնավաճառության մեջ ներգրավված աղջիկների հետ նրանք շատ դաժան են վարվել»,-ասել են ոստիկանությունում, հավելելով, որ չենթարկվելու կամ ստացած եկամուտները թաքցնելու դեպքում աղջիկները ենթարկվել են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Հանցագործները նաեւ «տուգանքների համակարգ» են կիրառել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հասարակաց տանը շուրջկալից առաջ ոստիկանները սկզբում որպես հաճախորդ կապվել են հաստատության «մամա Ռոզա»-ի հետ: Կինը նրանց ուղեկցել է ինտիմ-սրահի վերածված բնակարան, ապա կանչել աղջիկներին:

Մարմնավաճառ աղջիկներից մեկն անչափահաս է եղել, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստին»:

Պարզվել է, որ աղջկան վերջերս են «աշխատանքի» ընդունել: Պաշտոնապես նա հետախուզման մեջ է՝ տնից ինքնակամ հեռանալու համար: