Երեւանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության եւ վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Նշվել է նաեւ, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել:
«Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում եւ բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներ: Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով եւ տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով «սեւ» ցուցակ գցելով: Այս հարցում որեւէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որեւէ շեղում թույլ չտալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























