Փետրվարի 24-ից Երեւանում մեկնարկում են համահայկական ձմեռային խաղերը, որի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանում որոշվել է աջակցել այդ խաղերի կազմակերպմանը եւ անցկացմանը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի եւ տուրիզմի, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության եւ սպորտի բնագավառում կատարված աշխատանքները:

Այնուհետ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության,  առեւտրի եւ սպասարկումների, արտաքին ձեւավորման  եւ գովազդի, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նախորդ տարվա շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ի դեպ, առաջիկա չորեքշաբթի օրը Դավիթ Օհանյանը մամլո ասուլիսում նաեւ հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2014-ի անելիքները:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է 2013 թվականին քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Մասնավորապես, ներկայացվել է քաղաքապետարանում  եւ վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» համակարգում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ  քաղաքացիների ընդունելությունների արդյունքները:

Ներկայացված հաշվետվությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ի գիտություն եւ հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին եւս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները: