Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ երեկ՝ ուշ երեկոյան, ահազանգ են ստացել, որ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն իմանում նրա գտնվելու վայրը:

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի երիտասարդ տնօրենի դին: Ոստիկանությունից հայտնեցին, որ առայժմ հայտնի չէ՝ տեղի ունեցած սպանություն է, թե ոչ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, մեզ նաեւ տեղեկացրին, որ մայրուղու վրա հայտնաբերվել է կոմերցիոն տնօրենի «Հունդայի» մակնիշի մեքենան: