«Արմենթել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենթել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը:
Նա նշեց, որ Արչիլ Վախթանգի Մաղրաձեն թշնամիներ չուներ: «Դժբախտ պատահար է եղել, իրեն գտել են սարում, գնացել է հանգստանալու ու դժբախտ պատահար է եղել»,- հայտնեց նա: Անուշ Բեղլոյանն ասաց, որ չգիտեն, թե ինչ դժբախտ պատահար է եղել, ինչն է մահվան պատճառը, միայն գիտեն այն, ինչ հայտնել են պաշտոնական հաղորդագրությունները:
Մամուլի քարտուղարը կոմերցիոն տնօրենի ընտանեկան կարգավիճակի մասին որեւէ բան չհայտնեց՝ համարելով անձնական տվյալ: Նա միայն տեղեկացրեց, որ այդ պաշտոնին Արչիլ Վախթանգի Մաղրաձեն նշանակվել էր նախորդ տարի:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացել, որ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն իմանում նրա գտնվելու վայրը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի երիտասարդ տնօրենի դին: Ոստիկանությունից հայտնել են, որ առայժմ հայտնի չէ՝ տեղի ունեցած սպանություն է, թե ոչ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, մեզ նաեւ տեղեկացրին, որ մայրուղու վրա հայտնաբերվել է կոմերցիոն տնօրենի «Հունդայի» մակնիշի մեքենան:




























