ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն արձագանքելն է «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, որն անդրադառնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի եկամուտներին:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Ամիսներ առաջ «Ժողովուրդ» թերթը մեղադրել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Ադրբեջանի ընտրվելու գործընթացը չխափանելու համար: Դեսպանությունը հարկ չհամարեց մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ այն վերագրելով լրագրողի անփորձությանը ու անտեղյակությանը:

Շաբաթ օրը նույն թերթը հրապարակել էր հերթական մեղադրանք-հոդվածով՝ այս անգամ դեսպանի եկամուտների վերաբերյալ: Այս անգամ թերթը դեսպանին մեղադրում է անցած տարվա արդյունքում տասը հազար ԱՄՆ դոլարի չափով խնայողություն ունենալու մեջ, պնդելով, որ դեսպանի աշխատավարձը տարեկան 3617 ԱՄՆ դոլար է եղել միայն: Տարակուսանք է առաջացնում, թե ինչպես կարող է հոդվածագիրը մտածել, որ դեսպանը կամ դիվանագետը իրենց ընտանիքներով կարող են արտերկրում ապրել ամսական 301 ԱՄՆ դոլարով: Ինչ է սա. Միտումնավոր խեղաթյուրո՞ւմ, թե՞ կատարյալ անտեղյակություն: Ակնհայտ է, որ 3617-նամսական աշխատավարձն է: Անգամ հեղինակի կողմից նշված գումարով, որը չի ներառում դեսպանի կողմից հայտարարագրված ԱԳՆ կողմից վճարվող սոցիալական փոխհատուցումը, դեսպանի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 43404 ԱՄՆ դոլար, եւ ոչ թե 3617 ԱՄՆ դոլար: Եթե դրան գումարենք ամսեկան սոցիալական փոխհատուցումները, ապա տվյալ տարում դեսպանի եկամուտը կազմել է 56676 ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում ավելի քան իրատեսական է տարվա ընթացքում 10 հազար ԱՄՆ դոլարի խնայողություն ունենալու հանգամանքը:

Նման ձեւով հայտարարագրում բարեխղճորեն ցույց է տրված նաեւ դեսպանի տիկնոջ եկամուտը, որի աղբյուրը Համաշխարհային բանկում նրա աշխատավարձն է, սակայն հոդվածի հեղինակը միտումնավոր շրջանցել է հայտարարագրի այդ տողը: Դեսպանի տիկնոջ ամսեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, կազմել է 4800 ԱՄՆ դոլար, որը նշանակում է տարեկան 57600 ԱՄՆ դոլար: Տեղեկացնենք, որ դեսպանի տիկինը՝ Անահիտ Աղումյանը, երկար տարիներ է՝ աշխատում է Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, միջազգային կառույցներում իր կարերան սկսել է ամուսնությունից տարիներ առաջ՝ աշխատելով Արժույթի միջազգային հիմնադրամում, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում եւ այլն: Նա ամերիկյան երկու համալսարանների մագիստրոս է, Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարանի (LSE) դոկտոր, բազմաթիվ մասնագիտական հրապարակությունների հեղինակ:

Ցավով ենք արձանագրում, որ «Ժողովուրդ» թերթը, առանց փաստերի մեջ խորանալու, փաստորեն դրանց խեղաթյուրմամբ, նման թեթեւությամբ եւ հեշտությամբ, վարկաբեկման փորձ է կատարել: Թերեւս, միակ հավաստի տեղեկությունը թերթի հոդվածի մեջ այն է, որ դեսպան Մարգարյանը նախարար Մովսիսյանի հարազատ եղբայրն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» թերթը գրել է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով։ Թեեւ դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար։

Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են՝ դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Ադումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ։ Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար։

Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր»։