Երեւանը հնագույն Հայաստանի հնագույն մայրաքաղաքն է… Բայց ի՞նչ կարող է տեսնել մեծ սպասումներով մեր կողմեր ժամանած զբոսաշրջիկը, ով այստեղ գալիս է ճարտարապետական կոթողներ, մեր երկրի հազարամյա պատմության մասին պատմող հնագույն հուշարձաններ, ազգային մշակույթ եւ կոլորիտ տեսնելու համար։ Աղբ՝ ահա այն, ինչ առաջինը տեսնում են Երեւան ժամանած զբոսաշրջիկները։ Քաղաքի փողոցներում եւ այգիներում, եթե դրանք առհասարակ Երեւանում մնացել են, միայն աղբ է։ Պետք է նշել, որ առանց որեւէ տրամաբանության՝ երեւանյան այգիները եւ կանաչ տարածությունները մեծամասշտաբ շինհրապարակների են վերածվում։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը նպատակադրվել է մեր մայրաքաղաքը վերածել ասֆալտ-բետոնե քարայրի, որտեղ, ինչպես սնկերը անձրեւից հետո, աճում են անճաշակ, «էլիտար» ճարտարապետությամբ բազմահարկ շինություններ։ Չնայած նրան, որ Երեւանի ամեն քաղաքապետ՝ ընտրվելուց հետո, եւ բնապահպանության ամեն նախարար՝ նշանակումից հետո, հանդիսավոր երդվում են, որ իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի ծառ չի կտրվի եւ կանաչ տարածքների հաշվին ոչ մի շինություն չի կառուցվի, մայրաքաղաքի այգիներն աչքի առաջ անհետանում են։

Նշենք ամենաթարմ օրինակները…. Խանջյան փողոցի վրա գտնվող Օղակաձեւ զբոսայգի… Հենց այգու կենտրոնում հսկա փոս է փորված , առավոտից երեկո աշխատում է տեխնիկան, շինարարական աշխատանքներ են ընթանում։ Պարզ է, որ այստեղ հերթական շինությունն է կառուցվում։ Մեր բոլոր փորձերը՝ պարզաբանումներ ստանալ Բնապահպանության նախարարությունից, թե ինչ է այնտեղ կառուցվում, ձախողվեցին։ Նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ այգում ծավալված շինարարությունից։ Քաղաքապետարանից եւս ոչինչ պարզել չհաջողվեց։

Նմանօրինակ պատկեր կարելի է տեսնել նաեւ Ազգային գրադարանի շրջակայքում գտնվող այգում։ Այստեղ եւս շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես պարզ դարձավ ցուցանակից, այստեղ հերթական զվարճանքների կենտրոնն է կառուցվում։ Շինարարներն, իհարկե, պնդում են,որ այդ ընթացքում ոչ մի ծառ չի կտրվի։ Եթե անգամ հավատալու լինենք շինարարներին, մեր խնդիրը ոչ միայն ծառեր չկտրելն է, այլ նաեւ նորերը տնկելը, նոր այգիներ հիմնելը։ Ինչո՞ւ ծառուղիների եւ այգիների տեղերում նոր «էլիտար» շենքեր կառուցել, եթե դրանք մինչեւ օրս տերեր չունեն եւ երկար ժամանակ չեն ունենա, քանի որ բնակարանների կարիք ունեցող միջին խավի մարդիկ դժվար թե կարողանան ձեռք բերել դրանք։