Չինաստանը բաց ծովում փորձարկել է աշխարհում առաջին ստորջրյա արևային էլեկտրակայանը։ Այս մասին գրում է South China Morning Post (SCMP) թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ փորձարկումներն անցկացվել են 10 մետր խորության վրա։ Էլեկտրակայանը մշակել են Յուննանի համալսարանի մասնագետները։ Կայանում կիրառվում է պերովսկիտային կառուցվածքով կապարի հալոգենիդների հիման վրա գործող ֆոտոէլեկտրական համակարգ։ Տասը մետր խորության վրա գտնվող տեղակայանքը լիցքավորել է մարտկոցներն ու էլեկտրաէներգիա մատակարարել լուսադիոդային (LED) վահանակին։
«Ներկայացված աշխատանքում առաջին անգամ ապացուցվել է արևային էլեմենտների արդյունավետությունը բնական պայմաններում՝ մինչև 10 մետր խորության վրա», — պարզաբանել է գիտնական Վենհուա Չժանը։
Նշվում է, որ ստորջրյա արևային էլեմենտների նախորդ մշակումները նախատեսված են եղել շատ փոքր խորությունների՝ առավելագույնը 2 մետրի համար։ Արևային էլեկտրակայանը կարող է օգտագործվել ջրի տակ տեղակայված սենսորների, դետեկտորների, կապի համակարգերի, տեսախցիկների, ինչպես նաև ստորջրյա ռոբոտների և ապարատների սնուցման համար։





























