Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմի հետ եւ ներկայացրել մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր եւ քույր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք Երեւանի եւ Իսրայելի քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այսօր երկու պետությունների քաղաքների միջեւ փոխգործակցություն չկա եւ, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման եւ ամրապնդման հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շմուել Մեիրոմն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Իսրայելի քաղաքների միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Այսօր իսկապես կան բոլոր նախադրյալները փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բազմազան են, եւ ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Շմուել Մեիրոմը:
Հանդիպման շրջանակում դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել նաեւ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Իսրայելում անցկացվող քաղաքապետերի 29-րդ միջազգային համաժողովին մասնակցության հրավերը, որի շրջանակում քննարկվելու են քաղաքաշինական ինովացիաներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ կարեւորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման հարցում:




























