Ակտիվիստ Վարդգես Գասպարին պատրաստվում է քաղաքացիական ակցիաներ անել՝ այս կերպ բողոքելով ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանի՝ 1 մլն դրամ փոխհատուցում պահանջելու հայցի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

«Ինձնից 1 մլն դրամ են պահանջում այն բանի համար, որ ես ոստիկանին վիրավորել եմ, իսկ Աիդա Դեմիրխանյանին վիրավորել է այն, որ ասել եմ, թե ոստիկանության ներկայացուցիչն «ավելի անարժանապատիվ է, քան լճի ափին կանգնող կանայք»,- ասաց Գասպարին:

Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 17-ին, բայց Վարդգես Գասպարին պատրաստվում է պայքարել մինչեւ վերջ. «Հենց այնպես այդ գումարը չեմ վճարելու, ակցիաներ եմ անելու, ասածս մինչեւ վերջ պնդելու եմ»:

Չնայած 1 մլն դրամը մեծ գումար է Վարդգես Գասպարիի համար, սակայն չի պատրաստվում դրամահավաք անել:

«Գերադասում եմ մարդկանց իրազեկել, պատմել ոստիկանների հանցագործությունների մասին: Եթե կարողանամ մարդկանց օգնել՝ ազատվելու ոստիկաններից, ինձ ավելի օգտակար կզգամ. Էդպես ինձ ավելի օգնած կլինեն նրանք»,- ասաց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար ոստիկանությունը հայց էր ներկայացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ եւ պահանջում էր 50 հազար դրամ: Դատական նիստի ժամանակ Գասպարին ասել էր, որ պնդում է իր կարծիքը եւ վիրավորել էր ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանին: