Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դեռ չի որոշել` ոստիկանություն հաղորդում տալո՞ւ է հունվարի 28-ին «ապօրինաբար» բերման ենթարկվելու համար, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին:
«Հենց այս պահին գլխիս արդեն 20-25 գործ կա: Անընդհատ հաղորդում եմ տալիս, կամ ՀՔԾ-ն է մերժում, կամ էլ դատարանը: Դրա համար էլ չգիտեմ՝ էս անգամ տամ, թե չէ»,- ասաց ակտիվիստը:
Նշենք, որ ոստիկանները հունվարի 28-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին եւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին թույլ չէին տվել մոտենալ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, որտեղ այդ պահին տեղի էր ունենում տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին։ Ոստիկանները բերման էին ենթարկել Վարդգես Գասպարիին, Արա Նեդոլյանին ու Արտաշես Սերգոյանին:
Գասպարին չի հավատում, որ այս անգամ ոստիկանությունն իր կողքին կկանգնի. «Ինձ ապօրինի բռնեցին, տարան ոստիկանություն, իսկ հետո էլ տարան ու թողեցին ցեխերի մեջ: Ոստիկաններն ու դատարանները հազվադեպ են մեր օգտին որոշումներ կայացնում»:
Լրագրողի դիտարկմանը, որ դատարանը փետրվարի 3-ին բավարարեց օգոտոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտից բռնությամբ Կենտրոնի բաժին բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում ապօրինի 3 ժամից ավելի պահվելու վերաբերյալ՝ ընդդեմ ոստիկանության Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցը` վերացնելով ոստիկանների հանդեպ քրեական հետապնդում չիրականցնելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը՝ Գասպարին պատասխանեց. «Սա իհարկե հաղթանակ է, բայց նման բան հազվադեպ է լինում: Չի կարելի սա նախադեպ համարել այն բանի, որ սրանից հետո դատարաններն արդար որոշում կկայացնեն»:




























