Վրաստանի նախկին ղեկավարող կուսակցության ներկայացուցիչները 2008-ի ապրիլին մտադիր էին Աբխազիայում պատերազմ սկսել: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
«Երբ 2008-ի ապրիլին Աբխազիայում պատերազմ էին ծրագրում, ես անվտանգության խորհրդի նիստում Սահակաշվիլիին ասացի, որ չենք կարող հաղթել հակառակորդին: Ես նրան հարցրի՝ ինչպես է պատրաստվում Ռուսաստանին հաղթել: Նա ասաց, թե «մեր ամեն զինվորը 50 ռուս զինվորի է հավասար, մենք նորագույն տեխնիկա ունենք, նրանք՝ ժանգոտած», - ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի գործով հարցաքննության ժամանակ հայտարարել է Բուրջանաձեն:
«Անկեղծ ասած, Մերաբիշվիլին տվյալ գործում մեծ խանդավառությամբ աչքի չէր ընկնում, սակայն իմ շնորհիվ է, որ 2008-ի ապրիլին մենք Աբխազիայում պատերազմ չսկսեցինք»,- նշել է Նինո Բուրջանաձեն:




























