Մոսկվայի մարզային դատարանը վերանայել է Բախտիյար Ալիեւի  դատավճիռը, որը մեղավոր էր ճանաչվել Սերգիեւ Պոսադում 47-ամյա մոտոցիկլավար Լեոնիդ Ֆրոլովի սպանության մեջ: Ալիեւը 5 տարվա խիստ ռեժիմի գաղութի է դատապարտվել:

Ըստ քննության վարկածի՝ 2012թ. հուլիսի 30-ին Ալիեւը Սերգիեւ Պասադի առեւտրային համալիրներից մեկի մոտ բռունցքով  հարվածել էր Լեոնիդ Ֆրոլովին, որն ավելի ուշ վախճանվել էր:

2013թ. դեկտեմբերի 10-ին դատարանն Ալիեւին մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ անզգուշությամբ մահվան պատճառ դառնալու համար: Այդ պատիժը  կրելուց հետո Ալիեւին բաց էին թողել, եւ նա վերադարձել էր Ադրբեջան:  

Մոսկվայի դատարանը որոշել է, որ դատավարության ընթացքում քրեական-ընթացակարգային օրենսդրության հիմնարար խախտումներ են թույլ տրվել, այդ պատճառով էլ դատավճիռը վերանայման է ուղարկել: Մեղադրանքը փոխվել է ՌԴ ՔՕ-ի 111-րդ հոդվածի 4-րդ մասով (առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ հանգեցրել է տուժածի մահվանը), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: