Եթե խորհրդարանական մեծամասնությունը տապալի գազի համաձայնագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, ապա իշխող կոալիցիայի մեջ չմտնող չորս խմբակցությունները կշարունակեն պայքարը՝ նախաձեռնություններով հանդես գալով հետագա քառօրյաներին: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
« Երկրում եւ խորհրդարանում մեկ քաղաքական կուսակցության մենաշնորհն է տիրում, որն ինքնին անընդունելի է: Դրա դրսեւորումն է այն, որ խորհրդարանում ձախողվում է կոալիցիոն խմբակցություններից չբխած ցանկացած օրենսդրական նախաձեռնություն», - հավելել է Զոհրաբյանը: Ըստ նրա՝ իշխանությունը պատասխան չունի հասարակությանն անհանգստացնող հարցերին՝ գազի հետ կապված, իսկ եթե ունի էլ, ապա ինչն է նրանց խանգարում համաձայնել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն եւ իրավիճակը պարզելուն: «Իրականում նրանք մեր հարցերին պատասխաններ չունեն, եւ տվյալ իրավիճակում օգտվում են խորհրդարանում իրենց քանակական առավելությունից», - նշել է Զոհրաբյանը:




























