Խորհրդարանական չորս խմբակցությունները, որոնք հանդես են գալիս գազի պարտքի հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակ չեն հետապնդում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր խնդիրն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ բարձրացնելով հասարակությանը անհանգստացնող հարցերը: Ինչ վերաբերում է իշխող ՀՀԿ-ին, ապա նրանք վաղուց կորցերլ են իրենց իմիջը, իր դեմքը»,-հավելել է պատգամավորը: Ըստ նրա՝ իշխող կուսակցության անդամները արդեն վաղուց համակերպվել են այդ իմիջի կորստի հետ՝ ելնելով սեփական գրպանի շահերից. «Նրանց արդեն չի հուզում, որ ժողովուրդը թքում է նրանց դեմքին»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով խորհրդարանական չորս խմբակցությունների՝ գազի պարտքի հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, այն անընդունելի էր կոչել: «Ինչպես միշտ ընդդիմությունը չի փորձում լուծել խնդիրները, պարզապես ցանկանում են հասարակության ցույց տալ, որ նրանք հրեշտակային գործ են կատարում, իսկ մյուսները սրիկաներ են: Քաղաքականությունում նման բաներ չեն անցնում»,-ընդգծել է նա: Նա կարծում է, որ ընդդիմությունը այդ «դիվերսիաների» միջոցով ցանկանում է դիվիդենտներ հավաքել: