Հայաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Վրաստանի իրավապահներին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավվածԱշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում: