Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վաշինգտոնյան այցը ծառայեց որպես պատշաճ հնարավորություն՝ թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկականությունը նորովի ընդգծելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումից հետո թուրքական քաղաքականության նոր ելեւէջները:

Ըստ փորձագետի՝ Թուրքայի վարչապետի ու արտգործնախարարի վաշինգտոնյան ելույթները եւ նրանց հանդիպումների վերաբերյալ արված մեկնաբանությունները լայնորեն սփռվեցին միջազգային լրահոսերում` գործադրված մեծագույն ջանքերի շնորհիվ: «Հետեւաբար, առկա է բավական շոշափելի տեղեկույթային դաշտ՝ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքում նկատված փոփոխություններն ըմբռնելու եւ դրանք նորովի մեկնաբանելու համար: Վարչապետ Էրդողանի այցի շարժառիթների մասին բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն անտեսվեց այն հանգամանքը, որ Էրդողան-Ալիեւ զույգը չէր կարող հանդուրժել, եթե նախագահ Սարգսյանը միայնակ այցելեր Վաշինգտոն եւ այնտեղ լսելի դարձներ բացառապես հայկական տեսակետը: Էրդողանի համար Վաշինգտոնյան այցը ծառայեց որպես պատշաճ հնարավորություն թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկականությունը նորովի ընդգծելու համար»,- նկատեց Տեր-Մաթեւոսյանը եւ հավելեց. «Վաշինգտոնյան հանդիպումների հաջորդ եզրակացությունը Էրդողանի աճող պատասխանատվության զգացումն է Ադրբեջանին տրված խոստումների նկատմամբ: Ադրբեջանը կարծես Թուրքիային է հանձնել Արցախյան հակամարտության լուծման ամբողջ պատասխանատվությունը։ Նա փնովում է Մինսկի խմբի համանախագահներին եւ դրանով իսկ փորձում է աջակցել Մինսկի խմբի ձեւաչափը վերանայելու Անկարայի նկրտումներին»:

Փորձագետի կարծիքով՝ մյուս եզրահանգումը, որը կարելի է կատարել, առնչվում է այն օրինաչափությանը, որ Անկարան յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ի նախօրեին առավել մեծ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանություն բառի արտասանումը կանխելու ուղղությամբ: «Եթե տարիներ առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները լռում էին այդ մասին, ապա վերջին մի քանի տարվա ընթացքում նրանց կանխարգելիչ ջանքերն ու դրանց կարճաժամկետ ազդեցության մասին բողոք-պնդումներն առավել քան ակնբախ են»,- ասաց փորձագետը:

«Եւ վերջին, թերեւս առավել կարեւոր դիտարկումներից մեկը, առաջնային ու երկրորդային նախապայմանների լեզվով խոսելու Անկարայի նորացված վարքագիծն էր: Եթե փորձենք շարադրել Էրդողանի ու Դավութօղլուի կողմից արված նախապայմանների շարքը եւ տրամաբանությունը, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքերը ուղղորդվում են „ինչքան շատ նախապայման, այնքան լավ“ սկզբունքով: Եվ դա արվում է՝ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների կողմից առավել հաճախակի դարձած պնդումների, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Անկարայի հետ: Ահա այսպիսին է թուրքական կրկնվող ու նորահայտ նախապայմանների մոտավոր շարքը. հայ-թուրքական հարաբերություններում Արցախյան հիմնահարցը չի կարող անտեսվել, Հայաստանը պետք է դադարեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Հայաստանը պետք է դադարեցնի միջնորդավորված կերպով Թուրքիայի վրա ճնշումների գործադրելու պրակտիկան, Հարավային Կովկասում պետք է հաստատվեն ոչ թե միակողմանի այլ բազմակողմ լուծումներ, Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցումը կլինի փխրուն, եթե տարածաշրջանում մյուս խնդիրներն անտեսվեն, ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է վերանայի հունվարի 18-ի որոշումը, Արցախը պետք է դուրս բերի իր զորքերն առնվազն երկու ազատագրված շրջաններից` Ակնից (նախկին Աղդամ) եւ Վարանդայից (նախկին Ֆիզուլի) եւ այլն:

Այսպիսով, Վաշինգտոնում կրքերն այնքան բորբոքվեցին, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը մենք ականատես չլինենք որեւէ կտրուկ շրջադարձի, ապա վաշինգտոնյան հանդիպումները կարող են հիշվել որպես հայ-թուրքական բարդ գործընթացը նվազագույնի հասցնելու պատճառներից մեկը»,- ամփոփեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: