Բրիտանական Նորթամբերլենդ կոմսությունում Քրեմլինգթոն քաղաքի ղեկավարությունը չի կարող գլխավոր հրապարակից հանել ամանորյա տոնածառը. Այն պահին, երբ աշխատակիցները եկել են քանդել կառույցը, պարզվել է, որ ծառի տերեւների մեջ սեւ կեռնեխը բույն է հյուսել ու ձվադրել այնտեղ:
Հստակ հայտնի չէ, թե երբ է թռչունը բույն դրել տոնածառի վրա, սակայն հաստատ հունվարի 6-ից հետո. այդ օրը ծառի վրայից հանել են լույսերը, իսկ այն ժամանակ բույն չի եղել: Այժմ, թեեւ տեղի բնակիչները դիմում են ղեկավարությանը պահանջելով մաքրել հրապարակը վաղուց անցած ամանորի խորհրդանիշից, անել դա հնարավոր չէ, հաղորդում է National Geographic-ը:
Մեծ Բրիտանիայում թռչունները, ինչպես նաեւ ֆաունայի մյուս ներկայացուցիչները պաշտպանված են օրենքով: Ուստի այժմ Քրեմլինգթոնում ամանորը «կշարունակվի» այնքան ժամանակ, մինչեւ թռչունները ձվից դուրս չգան ու բավարար չմեծանան՝բույնը լքելու համար:
Կախված կլիմայական գոտուց՝ թռչունը ձվադրում է մարտ-մայիս ամիսներին: Այս տարի անոմալ տաք եղանակի պատճառով փոխվում է թռչունների վարքագիծը՝ այդ թվում նաեւ զույգավորման շրջանում:



























