ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու կոնկրետ ծրագիր չկա: Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյաչիչը:

Այդպես է նա մեկնաբանել քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինաին զգալի տնտեսական օգնություն տրամադրել՝ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու եւ ընդդիմության կողմից նոր արեւմտամետ կառավարություն ձեւավորելու դեպքում, հաղորդում է ubr.ua-ն:

Ինչպես հայտնի է, հունվարի 31-ին «Բատկիվշչինա»-ի ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ ընդդիմությունը Մյունխենյան կոնֆերանսում Արեւմուտքի ներկայացուցիչների հետ կքննարկի «Մարշալի պլանը» Ուկրաինայի համար: Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից տնտեսական օգնությունն Ուկրաինան կստանա սահմանադրական բարեփոխումների եւ երկրում իշխանությունն ամբողջությամբ ընդդիմությանն անցնելուց հետո: Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին խոսել է նաեւ եվրոպական դիվանագիտության առաջնորդ Քեթրին Էշթոնը:

«ԵՄ-ում քննարկում են Ուկրաինային ճգնաժամի ժամանակ աջակցելու հնարավորությունը, երբ խոսքը տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակի մասին: Եթե խոսքը բարեփոխումների եւ ԱՄՀ-ի վարկերի մասին է, ֆինանսական օգնություն ստանալու պայմանները ուժի մեջ են: ԵՄ-ն խոսում է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգնել շատ կոնկրետ կանոններով եւ շատ կոնկրետ քայլերով իրավիճակում, որոնք պետք է արվեն»,-ասել է Կոսյաչիչը:
Ուկրաինային ֆինանսավորելու հեռանկարին հոռետեսորեն են տրամադրված ԱՄՆ-ում: «Ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային փող տալ, եթե նրանք տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ չիրականացնեն, որովհետեւ այդ դեպքում փողերը քամուն կտան»,-The Wall Street Journal-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրը:

Էշթոն. ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար մեծ ծրագիր են պատրաստում