«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական ոչ մի ուժի չի հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք միջոցառմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ԲՀԿ-ն հնարավոր է մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

«Մենք դեռ չենք որոշել, թե ինչ է լինելու ամսի 18-ին: Այդ հարցը դեռ քննարկվում է, իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին կամ մեկ այլ ուժի, ապա ասեմ, որ նման բան չկա»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը բացառում է նաեւ հնարավորությունը՝ միանալու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի երթին, որը լինելու է հենց փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը փետրվարի 5-ին գրել էր. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերադառնալով ԱՄՆ-ից, որոշել է փետրվարի 18-ին հանրահավաք կազմակերպել։ Հետաքրքիր է արդյոք ԲՀԿ-ն, որը վերջերս ակտիվ համագործակցում է ոչ կոալիցիոն ուժերի հետ, կմիանա՞ տվյալ նախաձեռնությանը։

Ինչպես նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նման տեղեկատվության ես չեմ տիրապետում, չեմ կարծում, թե կմիանանք»»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am